• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պատմություն

Հայաստանը հին եւ հարուստ պատմության երկիր

 

Հայկական լեռնաշխարհ
Հայերը Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են` ձեւավորված Հայկական լեռնաշխարհի տարածքում, որն ընդգրկում է Անտիտավրոսի լեռների եւ Արցախյան (Ղարաբաղի բարձրավանդակ) լեռների արեւելյան լանջերի միջեւ ընկած ընդարձակ տարածք` Հայկական Տավրոսի եւ Արեւելապոնտական, Մոսքական եւ Թռեղքի (Թրիալեթյան) լեռների միջեւ: Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է մոտ 360 հազար քառ. կմ տարածք: Բարձրավանդակի գրեթե կենտրոնում վեր է հառնում աստվածաշնչյան Արարատ (Մասիս) լեռը (5165 մետր): Արագած լեռը (4090 մետր) ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաբարձր գագաթն է: Կլիման այստեղ խիստ մայրցամաքային է` ցուրտ ձմեռներով եւ շոգ ու տոթ ամառներով: Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ:
Հայ ժողովրդի ձեւավորումը
Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռեւս քարի դարում (պալեոլիթի շրջան): Հայկական լեռնաշխարհն իր հարուստ ընդերքի շնորհիվ, շատ արագ դառնում է ոչ միայն խոշոր մետաղագործական կենտրոն, այլ նաեւ պղինձ, բրոնզ, երկաթ, ինչպես նաեւ արծաթ ու ոսկի արտահանող: Բրոնզագործության բուռն զարգացման եւ երկաթի յուրացման դարաշրջանում (մ.թ.ա. II-I հազարամյակների սահմանագծին) Հայկական լեռնաշխարհի ցեղերի շրջանում աստիճանաբար ձեւավորվում են դասակարգային հարաբերություններ, առաջանում են ցեղային միություններ, եւ ստեղծվում են նախադրյալներ պետության առաջացման համար: Հայկական լեռնաշխարհում առաջին ցեղային միությունները, որ հայտնի են խեթական, ասորեստանյան եւ այլ աղբյուրների շնորհիվ, եղել են պետականության առաջացման փոքր կենտրոններ դարձած Հայասա-Ասզին, Իսուվան, Ալշեն, Ուրուատրին, Դայաենին, Դիաուեխին եւ ուրիշներ: Հայ ժողովրդի ձեւավորման գործընթացը ընթացել է հիմնականում մ.թ.ա. II-I հազարամյակներում: Այս հանգամանքը թերեւս մասամբ անհնար է դարձնում նրա ծագման բոլոր մանրամասների լիակատար եւ հստակ պարզաբանումը: Անկասկած է, որ գործընթացը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհի տարածքում` հայկական ցեղերի կողմից մյուս ցեղերին աստիճանաբար իրենց մեջ միավորելու ճանապարհով: Որոշ ուսումնասիրողներ այս գործընթացում առանձնացնում են Հայասա կոչվող ցեղային միության առաջատար դերը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” ինքնանվանումը:
Վանի թագավորություն կամ Ուրարտու
Ըստ պատմիչների` Հայկական լեռնաշխարհի հնագույն հայկական միասնական պետությունը եղել է Հայկյանների Այրարատյան թագավորությունը: Մ.թ.ա. IX դարում Այրարատյան թագավորությունը մի շարք պարտություններ է կրում հզորացող Ասորեստանի դեմ պայքարում եւ թուլանում է: Ուժեղանում է մեկ այլ ցեղային միություն, որն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում քաղաքական գերիշխանությունը: Այրարատյան թագավորության անունով ասորեստանցիները այս նոր թագավորությունը անվանում են Ուրարտու: Այն սակայն ուրարտական թագավորների արձանագրություններում կոչվում է Բիայնալե կամ Բիայնելե եւ Շուրելե, որը համապատասխանում է այժմ ընդունված անվանը` Վանի թագավորություն: Մ.թ.ա. 9-8-րդ դարերում Վանի թագավորությունը նշանակալիորեն ընդլայնում է իր սահմանները եւ Մենուայի, Արգիշտիի ու Սարդուր II-ի օրոք դառնում Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից մեկը: Այդ ընթացքում բուռն զարգանում են տնտեսությունը, արհեստները, քաղաքային կյանքն ու մշակույթը, ստեղծվում է ուրարտական հայտնի սեպագիրը: Սակայն Ասորեստանի նոր ուժեղացումն ու նրա հաղթական պատերազմներն ընդդեմ Վանի թագավորության, կիմմերական եւ սկյութական ցեղերի ներխուժումը, Մարաստանի թագավորության կազմավորումը հանգեցրին Վանի թագավորության անկմանը մ.թ.ա. VI դարի սկզբին (հնարավոր է նաեւ մ.թ.ա. VII դարի վերջին տասնամյակներին):
Երվանդունիների թագավորություն
Համաձայն վերջին հետազոտությունների` սկյութների առաջնորդ Պարտատուն կամ Պարույրը /ըստ հայկական աղբյուրների/, արդեն մ.թ.ա. VII դարում հռչակված է եղել Հայաստանի թագավոր: Վանի թագավորության փլատակների վրա ձեւավորվում են մի շարք իշխանություններ: Դրանց շարքում առանձնանում է մ.թ.ա. VII դարում հռչակված Պարույրի /սկյութական Պարտատունի/ թագավորությունը, որին վիճակված չէր երկար ժամանակ գոյություն ունենալ: Երկիրը մեկ թագավորության ներքո միավորվում է միայն Երվանդունիների արքայատոհմի օրոք` ի դեմս Արամանի թագավորի, որին հայոց պատմահայր Մովսես Խորենացին սխալմամբ անվանում է Արամ: Օգտվելով Ասորեստանյան տերության հետ Քաղդեական Բաբելոնի եւ Մարաստանի պայքարի արդյունքում առաջացած քաղաքական դատարկությունից` հայկական թագավորը ընդլայնում է իր պետության սահմանները: Հայկական Երվանդունի թագավորները շարունակում են իշխել Հայաստանում` երբեմն զուգորդելով նաեւ պարսից սատրապի պաշտոնը, կամ գտնվելով նրա իշխանության ներքո: Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության պարտությունից հետո, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը (մայրաքաղաքը` Երվանդաշատ): Արմավիրում գտնված այդ շրջանի հունարեն արձանագրություներից մեկում գրված է. «Գեղեցիկ երկիր Արմենիա»: Սակայն, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության ավերակներին կազմավորված Սելեւկյան պետությունը, կարճ ժամանակով իր տիրապետությունն է տարածում նաեւ Հայաստանի վրա:
Հայաստանն Արտաշեսյանների օրոք. Տիգրան Մեծ
Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190 թ.) Սելեւկյան բանակի կրած ծանր պարտությունից հետո, Մեծ Հայքն ու Ծոփքը վերականգնում են իրենց անկախությունը: Արտաշեսյանների տոհմի հիմնադիր Արտաշես I-ը (մ.թ.ա. 189-160 թթ.) մի շարք հաջող պատերազմների արդյունքում, ընդլայնում է Մեծ Հայքի թագավորության սահմանները` վերածելով այն ուժեղ պետության: Արտաշեսի թագավորության անբաժանելի մասն էին նաեւ Արցախը, Սյունիքը եւ Ուտիքը: Այսպիսով, նրան հաջողվում է միավորել Մեծ Հայքի սահմանները բացառությամբ Ծոփքի: Տիգրան II Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.) Մեծ Հայքի թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերության` հասնելով իր քաղաքական հզորության ամենաբարձր կետին: Հիմնականում ավարտելով հայկական հողերի` այդ թվում Ծոփքի միավորումը` Տիգրան II-ը, հաղթական պատերազմների արդյունքում եւ հենվելով Պոնտոսի թագավորության հետ դաշինքին, ընդլայնում է Մեծ Հայքի սահմանները: Միացնում է Ատրպատականը, Սելեւկյան Ասորիքը, Կոմմագենեն, Կիլիկիան, Միջագետքը եւ այլ տարածքներ: Միմյանց օգնելու եւ թիկունքներն ապահովելու, ինչպես եւ Արեւելքում Հռոմի դեմ համատեղ պայքարելու նպատակով, Տիգրանն Մեծը իր թագավորման առաջին իսկ տարիներին ռազմաքաղաքական դաշինք է կնքում օրեցօր հզորացող Պոնտոսի թագավոր Միհրդատի հետ: Հայոց արքայի գերիշխանությունը ճանաչում են ոչ միայն Հրեաստանի, Նաբաթեայի, Վիրքի եւ Աղվանքի թագավորությունները, այլեւ Պարթեւական պետությունը, նրան դաշնակից են դառնում Պարսից ծոցի Արաբական ցեղերը եւ մի շարք կենտրոնասիական ցեղեր: Արտաշեսյանների օրոք Հայաստանում ուժեղանում է հելլենիստական մշակութային ազդեցությունը: Այդ շրջանում բուռն առաջընթաց են ապրում ճարտարապետությունը, գրականությունը, քնարերգությունը, պատմագրությունն ու թատրոնը: Այնուամենայնիվ Հռոմի առաջընթացը վերջ է դնում Մեծ Հայքի հզորությանը, որը հասել էր իր գագաթնակետին: Պարտության մատնելով Տիգրանի մերձավոր դաշնակցին Միհրդատին, հռոմեական զորավար Լուկուլլոսը մ.թ.ա. 69 թւականի գարնանը ներխուժում է Հայաստան, սակայն, վերջնականորեն չի կարողանում ծնկի բերել Հայաստանը: Հռոմեական սենատի որոշմամբ, Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսը մ.թ.ա 66-ին հերթական անգամ հարձակվում է Հայաստանի վրա` շարժվելով դեպի մայրաքաղաք Արտաշատ: Տիգրանը հարկադրված է լինում հաշտություն առաջարկել Պոմպեոսին: Մ.թ.ա. 66 թւականի հայ-հռոմեական Արտաշատի պայմանագրի համաձայն, Հայոց թագավորությունը զրկվում է գրաված տարածքների մեծ մասից, սակայն շարունակում է մնալ տարածաշրջանի ուժեղ պետություն: Հետագայում Արտավազդ Երկրորդի եւ Արտաշես Երկրորդի օրոք, փորձեր են արվում վերականգնել նախկին հզորությունը: Արտավազդը հայկական արքունիքում հելլենիստական հիանալի կրթություն ստացած պետական գործիչ էր: Նա գրել է հրապարակախոսություններ , պատմություններ եւ ողբերգություններ, բեմադրել է ներկայացումներ: Երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց է դարձնում պատերազմող Հռոմի ու Պարթեւստանի միջեւ խուսանավելու հմուտ քաղաքականությունը: Արտավազդ թագավորը մ.թ.ա. 34 թ.-ին գերեւարվում է Հայաստան ներխուժած հռոմեական զորավար Անտոնիոսի կողմից եւ ընտանիքի հետ տեղափոխվում Եգիպտոս, որտեղ այդ առիթով Կլեոպատրա թագուհու մասնակցությամբ, կազմակերպվում է հաղթական մեծ շքերթ: Մ.թ. I դարի երկրորդ կեսին, շնորհիվ հայ-պարթեւական դաշնակից ուժերի հաջող պայքարի ընդդեմ Հռոմի, Մեծ Հայքի թագավորության գահն է բարձրանում Տրդատ I-ը , որը Հռանդեայի ճակատամարտում հռոմեացիների պարտությունից հետո (մ.թ. 62 թ.) մեկնում է Հռոմ, որտեղ Ներոնից թագ է ստանում եւ վերադառնում է Հայաստան (65-66թթ.): Կայսրից` հռոմեացիների կողմից Արտաշատի ավերման համար որպես փոխհատուցում ստացած գումարով Տրդատ I-ը վերականգնում է մայրաքաղաքը եւ կառուցում է Արեգակի տաճարը Գառնիում: Մեծ Հայքում հաստատվում է Արշակունիների (պարթեւ Արշակունիների կրտսեր ճյուղը) արքայատոհմը:
Հայաստանն Արշակունիների օրոք
Տրդատ I-ի (66-88թթ.) գահակալությամբ, սկիզբ է դրվում Արշակունիների կրտսեր ճյուղի իշխանությանը Մեծ Հայքում: III-IV դարերում Մեծ Հայքի թագավորությունը, հասարակական-տնտեսական փոփոխությունների արդյունքում, աստիճանաբար վերածվում է ավատատիրական միապետության: III դ. վերջերին եւ IV դ. սկզբներին թագավորության գրեթե ողջ տարածքում արդեն քրիստոնեական համայնքներ էին ձեւավորվել: Համաձայն ավանդության, Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալները: 301 թ.-ին` Տրդատ III-ի օրոք (286-330 թթ.), Հայաստանը դառնում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ է դառնում Ս. Գրիգոր Լուսավորիչը: Հռոմի ու Սասանյան Պարսկաստանի նկրտումների դեմ ծանր պայքարը թուլացնում են Հայկական թագավորությունը, որի տարածքը 387 թ.-ին բաժանվում է վերը նշված տերությունների միջեւ: Իսկ 428-ին Հայոց թագավորությունը լուծարվում է պարսից արքունիքի կողմից եւ վերածվում մարզպանության:
Հայոց գրերի գյուտը
Հիանալի գիտակցելով ստեղծված իրադրության ողջ վտանգը պետության եւ ժողովրդի համար` 405 թ.-ին Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ արքայի եւ հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի հովանավորությամբ, ստեղծում է Հայոց գիրը, որը դառնում է աննախադեպ հզոր զենք ազգային ինքնության պահպանման գործում: Հայոց գրերի գյուտը նոր դարաշրջան բացեց հայ մշակույթի, գիտության եւ գրականության պատմության մեջ: Մեսրոպյան այբուբենով ստեղծված թարգմանական եւ ինքնուրույն գրական ժառանգությունը այնքան հարուստ էր ու կատարյալ, որ V դարը դառնում է հայ մշակույթի պատմության “Ոսկե դար”:
Հայաստանը անկախության վերականգնման ճանապարհին
450-451թթ. հանուն Հայրենիքի եւ քրիստոնեական հավատի, Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, բռնկվեց ապստամբություն ընդդեմ պարսից քաղաքական, կրոնական եւ տնտեսական ճնշման: Արդյունքում տեղի ունեցավ Ավարայրի վճռական ճակատամարտը: Շնորհիվ հաջորդ` Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության (481-484), կնքվեց Նվարսակի պայմանագիրը: Հայոց Արցախ եւ Ուտիք նահանգները կազմեցին Հայկազուն-Սիսակյան-Առանշահիկ տոհմից սերող Վաչագան Բարեպաշտի հիմնած թագավորությունը (մինչեւ VI դ. առաջին կես), որով վերականգնվեց հայկական թագավորությունը Հայոց Արեւելից կողմերում: Վաչագան Բարեպաշտի իշխանությունը տարածվում էր նաեւ Կուրի ձախափնյակի մի մասի վրա: Ըստ հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացու (VII դ.), Վաչագան Բարեպաշտը Հայոց պետական մեծ գործիչ էր եւ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ: Ոգեշնչված Հայոց թագավորության հզորացման գաղափարով, նա ստեղծեց “Սահմանադրութիւն կանոնական”-ը, որն ընդունեցին եպիսկոպոսները, քահանաներն ու ազատները եւ Արցախի նահապետները Աղուանի կանոնադիր ժողովում, որպես Հայոց թագավորության գրավոր սահմանադրություն: VII դարի կեսերից Հայաստան ներխուժեցին արաբական զորքերը: Արդեն VIII-րդ դարի սկզբին Հայաստանն ամբողջությամբ գտնվում էր արաբական տիրապետության տակ: Ժողովրդի պայքարը արաբական տիրապետության դեմ վերածվեց երկրի անկախության վերականգնման ազգային-ազատագրական պատերազմների (703, 748-750, 774-775, 850-855 թթ. ապստամբությունները) եւ ավարտվեց 885-ին հայկական թագավորության վերականգնմամբ` Աշոտ I Բագրատունու գլխավորությամբ: Արաբ զավթիչների դեմ ժողովրդական պայքարն իր արտահայտությունն է գտել "Սասունցի Դավիթ" դյուցազնավեպ էպոսում, որն իր հերոսական ցայտուն կերպարներով հայ ժողովրդի միջնադարյան ամենաարժեքավոր գրավոր հուշարձաններից է:
Բագրատունիների հայկական թագավորությունը
Հայաստանն իր անկախությունը վերականգնելով, իրավամբ մուտք է գործում զարգացած ավատատիրության շրջան: Լայն զարգացում են ապրում քաղաքաշինությունն ու քաղաքային կյանքը, արհեստներն ու առեւտուրը, խաչքարերի արվեստը, դրամական շրջանառությունը եւ այլն: Առաջանում են տեղային տնտեսական, առեւտրային կենտրոններ: Արդյունքում կազմավորվում են Բագրատունի արքաների գերիշխանությունը ճանաչած վասալական մի շարք թագավորություններ (Փառիսոս, Վասպուրական, Կարս, Տաշիր-Ձորագետ, Սյունիք): Իսկ Բագրատունիների մի այլ ճյուղ հաստատվում է հարեւան Վրաստանում եւ գալով իշխանության` IX դարում հիմնվում է վրաց Բագրատունիների թագավորական հարստությունը: X դարի վերջերից սկսվում է հայկական մանր ավատատիրական պետական կազմավորումների տնտեսական եւ քաղաքական վերամիավորման գործընթացը միապետության մեջ` Անիի Բագրատունիների դրոշի ներքո: Խոշոր տնտեսական, հասարակական եւ մշակութային կենտրոն է դառնում Բագրատունիների Անի մայրաքաղաքը: Բյուզանդական կայսրության հետեւողական հարձակումների պատճառով, XI դարի կեսերից Բագրատունիների թագավորությունը անկում է ապրում: Վերջապես 1071 թ.-ի Մանազկերտի վճռական ճակատամարտում սելջուկ-թուրքերից բյուզանդացիների կրած պարտությունից հետո Հայաստանը նվաճում են սելջուկ-թուրքերը:
Զաքարյանների իշխանությունը Հյուսիսարեւելյան Հայաստանում
Արդեն XI դարի վերջերից սկսվում է սելջուկյան տերության անկումը: Զավթիչներից փրկված հայ ազնվականության մնացորդները գլխավորում են հայ ազատագրական պայքարը: Միավորված եւ Վրաստանի օգնությամբ, մեկ տասնամյակի ընթացքում սելջուկյան տիրապետությունից ազատագրվում է Հյուսիս-արեւելյան Հայաստանը, որն իր մեջ էր ներառում մի շարք պատմական շրջաններ այդ թւում` Այրարատը, Արցախը եւ Սյունիքը ամբողջությամբ, Գուգարքն ու Ուտիքը մասամբ: Ազատագրված տարածքները Վրաց թագավորության կազմում ղեկավարվում էին Զաքարյան իշխանական տան եւ նրանց վասալների կողմից եւ ունեին լայն ինքնավարություն: Զաքարե եւ Իվանե Զաքարյան եղբայրները եւ այլ հայ իշխաններ բարձր պաշտոններ էին գրավում վրացական արքունիքում: Հայաստանի ազատագրված հողերը շատ շուտով վերականգնում են իրենց տնտեսությունը եւ կարեւոր դեր են խաղում հայկական մշակույթի, արհեստների ու գիտության հետագա զարգացման մեջ:
Կիլիկիայի հայկական թագավորություն
Բյուզանդական կայսրության վարած տեղահանման քաղաքականության եւ սելջուկ-թուրքերի ավերիչ արշավանքների հետեւանքով, բազմաթիվ հայեր ստիպված են լինում հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվում է Կիլիկայում, որի բնակչությունը XI դարի վերջերին արդեն մեծամասամբ հայկական էր: Կիլիկիայի հյուսիսարեւելյան հատվածում՝ Լեռնային Կիլիկիայում, 1080թ.-ին առաջանում է Ռուբինյանների իշխանությունը, որը հետագայում իր մեջ է միավորում ողջ Կիլիկիան եւ մի շարք հարեւան շրջաններ: 1198 -ին հայոց իշխան Լեւոն II Ռուբինյանը արքայական թագ է ստանում գերմանական կայսրից, եւ հանդիսավորությամբ թագադրվում է Տարսոս քաղաքում: Կիլիկյան հայկական թագավորությունը սերտ առեւտրական կապեր է ունեցել Վենետիկի եւ Ջենովայի հանրապետությունների, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի եւ այլ երկրների հետ: Լեւոն II-ը համագործակցում էր խաչակրաց երրորդ արշավանքը գլխավորած Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի եւ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասրտի հետ: Մեծ թւով Տաճարականներ (Տամպլիերներ) եւ Հիվանդախնամների (Հոսպիտալիերների) ու Տեւտոնական միաբանությունների ասպետներ ծառայում էին հայ կիլիկիան թագավորների մոտ եւ ընդարձակ տիրույթներ ստանում թագավորության տարբեր հատվածներում: Կիլիկիայում հաջորդաբար իշխել են մի քանի հայ թագավորական տոհմեր: Իկոնիայի սուլթանության եւ Եգիպտոսի մամլյուքյան պետության անողոք հարվածների ներքո, քրիստոնեական Եվրոպայից օգնության բացակայության պայմաններում, Կիլիկիան հայկական պետությունը անկում է 1375-ին` չնայած, բազմաթիվ հայկական իշխանություններ դեռեւս երկար ժամանակ շարունակում էին պահպանել գոյությունը լեռնային անմատչելի շրջաններում: Զեյթունի ինքնիշխանությունը Օսմանյան կայսրությունում գործնականորեն վերանում է Հայոց ցեղասպանության տարիներին:
Հայաստանը օտար զավթիչների տիրապետության ներքո
XIII դարի 30-40-ական թւականներին Հայաստանը անդրկովկասյան այլ երկրների հետ նվաճվում է թաթար-մոնղոլների կողմից: XIV դարի կեսերին Հայաստանը եւ Անդրկովկասը կռվախնձոր են դառնում Հուլավյանների մոնղոլական պետության եւ Ոսկե Հորդայի միջեւ, իսկ XIV դարի վերջին եւ XV-ի սկզբին ավերվում են Ոսկե Հորդայի խան Թողթամիշի եւ Լենկթեմուրի կողոպտիչ արշավանքների կողմից: Երկիրը դեռ չէր հասցրել ուշքի գալ Լենկթեմուրի արշավանքների ցնցումից, երբ ընկնում է կարակոյունլու, այնուհետեւ աղկոյունլու վաչկատուն թուրքմենական ցեղերի տիրապետության տակ: Հայ ավատական տոհմերը հիմնականում ոչնչացվել են XIV-XV-րդ դարերում: Նրանց պատմական հողերին տիրանում են թաթարա-թուրքմենական եւ քրդական ցեղապետերը: Տնտեսությունը հայտնվում է երկարատեւ լճացման մեջ: Արտագաղթի հետեւանքով XIV-XV դարերում ձեւավորվում են հայ գաղթօջախներ Ղրիմում, Լեհաստանում (այժմյան Ուկրաինայի տարածքում ), Տրանսիլվանիայում եւ այլուր: Նորից Հայաստանն է դառնում երկրի քաղաքական եւ հոգեւոր կենտրոնը: 1441 թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը Կիլիկյան Հայաստանի նախկին մայրաքաղաքից Սիսից տեղափոխվում է Էջմիածին, որտեղ գտնվում է մինչ օրս: 16-17-րդ դարերի օսմանա-պարսկական պատերազմների արդյունքում, Հայաստանը երկու անգամ բաժանվում է Օսմանյան կայսրության եւ Սեֆեւյան Պարսկաստանի միջեւ` Ամասիայի ( 1555թ.) եւ Կասր-ե Շիրինի ( 1639թ.) պայմանագրերով: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար աղետալի հետեւանքներ ունեցավ եւ Շահ Աբբասի կողմից 1605-ին ավելի քան 300 հազար Արարատյան դաշտի հայերի բռնի տեղահանումը Պարսկաստան:
Հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում 16 -18 րդ դարերում
Քաղաքական, հասարակական եւ ազգային-կրոնական դաժան հալածանքները այդ շրջանում հանգեցրին հայ ժողովրդի ազատագրական պայքարի բուռն ձգտումների: XVI-XVII դարերի հայ քաղաքական ու հասարակական գործիչները Հայաստանի ազատագրումը կապում էին արեւմտաեւրոպական երկրների` Վենետիկյան հանրապետության, Ֆրանսիայի ու Գերմանիայի օգնության հետ, սակայն աստիճանաբար երկրի ազատագրման գործում հայերը սկսում են ձգտել դեպի ռուսական պետությունը: XVI-XVII դարերի ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր (1656-1711) Իսրայել Օրին: Եվրոպայում իր գործունեության սկզբում Իսրայել Օրին հայ իշխանների անունից Հայաստանն ազատագրելու համար դիմում է եւրոպական տիրակալներին: Չստանալով օժանդակություն, 1701-ին նա տեղափոխվում է Ռուսաստան եւ ազատագրության ծրագիր է ներկայացնում ցար Պետրոս I-ին: 1722-1730 թթ. ազգային-ազատագրական լայն շարժում է ծավալվում Սյունիքում Դավիթ Բեկի եւ Արցախում (Ղարաբաղում) Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի եւ Ավան Յուզբաշու ղեկավարությամբ: XVIII դարի երկրորդ կեսին ազգային-ազատագրական շարժման գաղափարական կենտրոններ են դառնում Հնդկաստանի եւ Ռուսաստանի հայ գաղթօջախները: «Մադրասի խմբակը» (Շ. Շահամիրյան, Մ. Բաղրամյան, Հ. Էմին եւ ուրիշներ) եւ Ռուսաստանի հայ գաղթօջախի գործիչները (Հ. Լազարյան, Հ. Արղության եւ այլք) առաջ են քաշում Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետության վերականգնման երկու նախագիծ: Չնայած ծանր պայմաններին` այդ շրջանում այնուամենայնիվ էապես զարգանում է հայկական մշակույթը եւ գրականությունը: Մասնավորապես Վենետիկում (1717թ.), հետագայում նաեւ Վիեննայում ստեղծվում է Մխիթարյանների միաբանությունը , որոնք անգնահատելի դեր են կատարել հայագիտության եւ հայ ինքնության պահպանման, հայ ժողովրդի մշակութային, գրական ու գիտական ներուժի զարգացման գործընթացում: 1512թ.-ին Վենետիկում լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», իսկ 1794–ին Մադրասում` առաջին պարբերական հանդեսը «Ազդարարը»: 1616 թ. Իլով (Լվով) քաղաքում տպագրվում է «Սաղմոս ի Դավիթ» գիրքը, իսկ 1666-ին լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր «Աստվածաշունչը»` բաղկացած 1464 էջից: 18-րդ դարի կեսերին Վենետիկում հրատարակվում է «Բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը, իսկ դարավերջին` Մ. Չամչյանի «Հայոց պատմություն» հայտնի բազմահատորը:
Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը
Եթե մինչեւ XVIII դարի վերջը դիտարկվում էին հայոց պետականության վերականգնման առանձին ծրագրեր, ապա XIX դարի սկզբից Ռուսաստանը ձեռնամուխ եղավ Անդրկովկասի, այդ թւում եւ Արեւելյան Հայաստանի նվաճմանը: 1801թ. վերջնականապես լուծարվեց Արեւելավրացական թագավորությունը եւ միացավ Ռուսական կայսրության (այդ թւում նաեւ հայաբնակ Լոռին): Իսկ հետագայում արդեն Թուրքմենչայի պայմանագրով (1828 թ.) եւ Ադրիանապոլսի հաշտագրով (1829 թ.), հիմնականում ավարտվում է ողջ Անդրկովկասի միացման գործընթացը: 1828 թ.-ին նախկին Երեւանի եւ Նախիջեւանի խանությունների տարածքների վրա ժամանակավոր ձեւավորվում է Հայկական մարզը, որը դառնում է հետագայում վերականգնված հայկական պետականության հիմքը: Ռուսական կայսրությանը միանալու արդյունքում, արագանում է ազգային ինքնագիտակցության վերականգնումը եւ կապիտալիստական հարաբերությունների զարգացումը Հայաստանում: Հայ բուրժուազիան, որը շուտով իշխող դիրքեր է ձեռք բերում Անդրկովկասում, սկսում է աշխույժ գործունեություն ծավալել առեւտրային, արտադրական եւ մշակութային այնպիսի կենտրոններում, ինչպիսիք էին Բաքուն, Թիֆլիսը, Բաթումը, Շուշին եւ այլն: Ալավերդիում եւ Կապանում սկսում է զարգանալ հանքարդյունաբերությունը, Արարատյան դաշտավայրում` կոնյակագործությունն ու գինեգործությունը, բամբակագործությունն ու կաշեգործությունը: 1870-ին իրականացվում է ագրարային ռեֆորմը, որն արագացնում է Հայաստանի աստիճանաբար ընդգրկումը համառուսաստանյան շուկայի մեջ:
Իրավիճակը Արեւմտյան Հայաստանում. Հայկական Հարցը միջազգային ասպարեզում
19-րդ դարի սկզբից Հայաստանը բաժանված էր Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների միջեւ: Պատմական Հայաստանի հայաբնակ արեւմտյան ու արեւելյան հատվածները պայմանականորեն անվանվում են Արեւմտյան Հայաստան եւ Արեւելյան Հայաստան: Արեւմտյան Հայաստան անվանումը շրջանառության մեջ է մտել դեռեւս 4-5-րդ դարերից, երբ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Սասանյան Պարսկաստանի եւ Հռոմեական կայսրության միջեւ: Արեւմտյան Հայաստանը հետագայում անցել է Օսմանյան Թուրքիայի գերիշխանության տակ` Պարսկաստանի հետ ստորագրված Ամասիայի (1555թ.) համաձայնագրով, իսկ Արեւելյան Հայաստանը վերջնականապես միացվել է Ռուսաստանին ռուս-պարսկական պատերազմի արդյունքում (1826-1828 թթ.)` Թուրքմենչայի պայմանագրով: Էթնիկական տեսանկյունից Օսմանյան կայսրությունն իրենից ներկայացնում էր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տարբեր մակարդակներին գտնվող, մշակութային ու կրոնադավանական զանազան ընդհանրություններին պատկանող 60-ից ավելի ազգերի ու ցեղերի խառնարան: Քրիստոնյա ժողովուրդների տնտեսական դիրքերի ամրապնդումը, ազգային ինքնագիտակցության զարթոնքն ու եվրոպական տերությունների ճնշումների ուժեղացումը համարյա անհնարին դարձրին այդ շրջանում սուլթանական իշխանությունների կողմից տարվող համընդհանուր մահմեդականացման քաղաքականությունը: Հայկական հարցը, որի առաջացումն ի սկզբանե պայմանավորված էր հայկական պետականության անկումով, իսկ հետագայում (19-րդ դարի կեսին) Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի վիճակի կտրուկ վատթարացումով եւ ազգային ինքնագիտակցության զարթոնքով, դարձավ այսպես կոչված Արեւելյան հարցի բաղկացուցիչ մասը եւ կարեւոր տեղ գրավեց միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարեւելյան քաղաքականության մեջ: Հայկական հարցը իրականում առաջին անգամ իր արտահայտությունը գտավ 1878 թ. Սան Ստեֆանոյում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրում: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, Ռուսաստանին են անցնում Կարսի եւ Բաթումի մարզերը: Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ եւ Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների համաձայն, Օսմանյան կայսրությունը պարտավորվում է բարեփոխումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանում եւ ապահովել հայերի անվտանգությունը: Սակայն, այդ որոշումները այդպես էլ մնում են թղթի վրա, ինչը հանգեցնում է նոր ապստամբությունների Սասունում, Վասպուրականում եւ այլ վայրերում: Հայկական հարցը դառնում է եւրոպական դիվանագիտության քննարկման առարկա: Առաջին անգամ նոր պատմության շրջանում Հայաստանը եւ հայերը հիշատակվում են միջազգային կարեւոր դաշնագրում: Սակայն ե’ւ ռուսական, ե’ւ եւրոպական դիվանագիտությունը մտադրություն չունեին պայքարելու Արեւմտյան Հայաստանի ինքնավարության համար, ինչպես դա տեղի ունեցավ բալկանյան ժողովուրդների պարագայում: Ռուսաստանը սահմանափակվեց միայն արեւմտահայերին հովանավորողի եւ գրավված հայաշատ տարածքներում բարենորոգումների իրագործման հսկողի դերով: Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի կառավարությունը գիտակցելով, թե ինչ դեր կարող է խաղալ Հայկական հարցը տերությունների քաղաքականության մեջ, որոշեց վերջ տալ Հայկական հարցին` ուժեղացնելով հայ բնակչության հալածանքները մահմեդական մոլեռանդության եւ հակահայկական տրամադրությունների բորբոքման, մշտական սպանությունների եւ թալանի, տեղական իշխանությունների կամայականության եւ անօրինության, հայերի բռնի մահմեդականացման փորձերի եւ գրաքննության սաստկացման, քրդական անկանոն հեծելազորի միջոցով: Այդ քաղաքականության արդյունքում 19-րդ դարի 80-ական թթ. վերջին – 90-ական թթ. սկզբին հայ ազգային-ազատագրական շարժման մեջ սկիզբ առավ նոր փուլ, առաջացան հայկական քաղաքական կուսակցություններ, Արեւմտյան Հայաստանում ուժեղացավ ազատագրական պայքարը` ապստամբական շարժումները: 1895-1896թթ. Օսմանյան կառավարությունը կազմակերպում է հայերի զանգվածային կոտորածներ Արեւմտյան Հայաստանում, որոնց զոհ են դառնում ավելի քան 300 հազար հայեր, եւ տասնյակ հազարավորներ բռնի մահմեդականացվում են: Հայկական հարցը նորից իր վրա է սեւեռում եվրոպական դիվանագիտության ուշադրությունը XIX դարի 90-ականներին եւ 1912-1914 թւականներին: Ըստ 1914 թ.-ի հունվարի ռուս-թուրքական համաձայնագրի` Արեւմտյան Հայաստանի տարածքում պետք է ձեւավորվեր երկու նահանգ /Հյուսիսային եւ Հարավային հատվածներ/ եվրոպացի նահանգապետերի գլխավորությամբ:
Հայոց ցեղասպանությունը
Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակից, Թուրքիայի այն օրերի կառավարող շրջանակները փորձեցին Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականների միավորման միջոցով իրականացնել Մեծ Թուրան հիմնելու իրենց վաղեմի գաղափարը: Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ էր հայ ժողովուրդը, որն ապրում էր իր պատմական Հայրենիքի երկու հատվածներում՝ արեւմտյան եւ արեւելյան: Պատերազմը պատեհ առիթ ընձեռեց թուրք կառավարողներին ժողովրդասպան ծրագիրն իրագործելու եւ, միաժամանակ, հանցավոր գործողությունները պատերազմական իրավիճակով արդարացնելու ու քողարկելու համար: 1915թ. փետրվարին երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման է արձակում թուրքական բանակում ծառայող հայազգի զինվորների ոչնչացման մասին: Ապրիլի 24-ին եւ հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին եւ Անատոլիայի խորքերն աքսորվեցին մոտ 800 հայ մտավորականներ` գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգեւորականներ, այդ թվում` թուրքական խորհրդարանի հայ պատգամավորներ: Նրանց մի մասը զոհվեցին աքսորի ճանապարհին, մյուսը` տեղ հասնելուն պես: Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան միացյալ հայտարարությամբ: Այս հայտարարությունը կարելի է համարել Հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին միջազգային փաստաթուղթը, որը հայերի դեմ կատարված ոճրագործությունը որակեց որպես “մարդկության եւ քաղաքակրթության դեմ” կատարած նոր հանցագործություն, որի համար անձնական պատասխանատվություն են կրում Բարձր Դռան բոլոր անդամները, ինչպես նաեւ տեղական թուրքական իշխանությունները: Մայիս-հունիսին սկսվեցին Արեւմտյան Հայաստանի (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների), Կիլիկիայի, Արեւմտյան Անատոլիայի եւ այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը: Մշտական ու պատմական բնակության վայրերից տեղահանվող հայերը քարավաններով ուղարկվում էին Միջագետք եւ Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվում էին հատուկ ճամբարներ: Հայերին ոչնչացնում էին ինչպես իրենց բնակության վայրերում, այնպես էլ աքսորի ճանապարհին` անապատներում: Հարյուր հազարավորներ զոհ են գնացել նաեւ սովից, հիվանդություններից եւ համաճարակներից: Այս հրեշավոր ծրագրի իրագործման արդյունքում՝ շուրջ 1,5 մլն հայեր ոչնչացվեցին: Արեւմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից:
Հայոց պետականության վերականգնումը: Հայաստանի Առաջին Հանրապետություն 1918-1920 թթ.
1917թ.-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում ժամանակավոր կառավարությունը լուծարում է Կովկասի փոխարքայությունը եւ ստեղծում է Անդրկովկասի հատուկ կոմիտեն: Այդ ընթացքում քայլեր են ձեռնարկվում հայ փախստականներին Արեւմտյան Հայաստան վերադարձնելու համար, որոնց թիվը 1917 թ. վերջին կազմում էր մոտ 390 հազար մարդ: 1917-ի սեպտեմբերին Թիֆլիսում ստեղծվում է Հայոց ազգային խորհուրդը, որտեղ գերակա դիրքեր են զբաղեցնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները: Դեկտեմբերին Անդրկովկասում նոր ձեւավորված կառույցի` Անդրկովկասյան կոմիտեի եւ Օսմանյան բանակի ղեկավարության միջեւ կնքվում է Երզնկայի զինադադարը: Իր կողմից խորհրդային կառավարությունը հրատարակում է դեկրետ «Թուրքահայաստանի մասին» եւ ճանաչում է Արեւմտյան Հայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունքը` ընդհուպ մինչեւ անկախ պետության ստեղծումը: Սակայն թուրքական զորքերը, խախտելով հաշտությունը, սկսում են ռազմական գործողություններ: Հախուռն ստեղծված հայկական զորամիավորումները եւ կամավորական ջոկատները, չնայած հերոսական դիմադրության, սկսում են նահանջել դեպի Արեւելյան Հայաստանի սահմանները: Իսկ Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ (1918թ. մարտի 3) Խորհրդային Ռուսաստանը, Գերմանիայի ճնշման տակ, համաձայնվում է վերադառնալ մինչեւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի սահմանները, ինչի արդյունքում ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ Կարսի, Արդահանի եւ Բաթումի մարզերը անցնում էին Օսմանյան կայսրությանը: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետեւանքով, փակուղի մտան եւ ապրիլին դադարեցվեցին Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնակցային Հանրապետության իշխանությունների` (Կոմիսարիատի եւ հետո Սեյմի) հաշտության բանակցությունները Տրապիզոնում, որոնք 1918թ. մարտից ընթանում էին Օսմանյան կայսրության հետ: Ներխուժելով Արեւելյան Հայաստան` թուրքական զորքերը գրավում են Կարսի մարզը, Կարս եւ Ալեքսանդրապոլ քաղաքները եւ շարժվում դեպի Երեւան ու Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր), ավերելով ճանապարհին բնակավայրերը եւ սրի քաշելով հայ բնակչությանը: Իրադրությունը օրհասական էր` այժմ Արեւելյան Հայաստանն էր հայտնվել ցեղասպանության սպառնալիքի առջեւ: Օրավուր ահագնացող վտանգը միավորում է հայ ժողովրդին, եւ հայկական զորամասերը աշխարհազորայինների հետ միասին Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի հերոսամարտերում (1918թ. մայիս), գեներալ Մովսես Սիլիկյանի, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումովի, Դրաստամատ Կանայանի եւ այլ զորահրամանատարների գլխավորությամբ, հուժկու հակահարված են հասցնումն առաջացող թուրք զավթիչներին: Այն օրերին, երբ տեղի էին ունենում հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը, հակասություններն ավելի են խորանում հարավկովկասյան երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության իշխանության մարմիններում: 1918թ. մայիսի 26-ին լուծարվում է Անդրկովկասյան Սեյմը (պառլամենտը), եւ դրանով իսկ կազմալուծվում է Անդրկովկասյան Հանրապետությունը: Ստեղծված պայմաններում, 1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների միակ եւ գերագույն իշխանությունը: Ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունը: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո (Մուդրոսի զինադադար` 1918թ. հոկտեմբերի 30), թուրքական զորքերը շուտափույթ ազատում են Արեւելյան Հայաստանի տարածքը: Հանրապետության իշխանությունը տարածվում է Կարսի մարզի մեծ մասի, Էրիվանի նահանգի, Ելիզավետպոլի նահամգի արեւմտյան շրջանների եւ Թիֆլիսի նահանգի հարավային շրջանների վրա: Ղարաբաղը չի մտնում Հանրապետության կազմի մեջ, սակայն չի էլ ենթարկվում մուսաֆաթական Ադրբեջանին եւ կառավարվում է տեղի հայերի Ազգային խորհրդի համագումարների միջոցով: 1920թ.-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր հերթական համագումարում որոշում է միանալ Հայաստանի Հանրապետությանը: 1920 թ. օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունները, այդ թվում նաեւ Հայաստանը, Ֆրանսիայի Սեւր քաղաքում հաշտության պայմանագիր կնքեցին պարտված Թուրքիայի հետ: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Փարիզի հաշտության խորհրդաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Սեւրի հաշտության պայմանագրի “Հայաստան” բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էր Հայաստանն իբրեւ ազատ եւ անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջեւ սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը ու նաեւ ընդունել բոլոր առաջարկները Հայաստանին դեպի Սեւ ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող Օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնական կառավարությունը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սեւրի պայմանագիրը: Խորհրդային կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկիզբ առած քեմալական շարժումն ուղղել Անտանտի դեմ, 1920 թ. ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական եւ դրամական զգալի օգնություն, որն օգտագործվեց արեւմուտքում Հունաստանի, իսկ արեւելքում Հայաստանի դեմ: 1920 թ. սեպտեմբերին թուրքական բանակն անցավ հարձակման: Անկարայի կառավարությունը, զավթելով նորանոր տարածքներ եւ բնաջնջելով հայ ժողովրդի արեւելյան հատվածը, ձգտում էր ընդհանրապես զրկել հայերին սեփական պետությունը վերստեղծելու հնարավորությունից: Թուրքական զորքերը գրավում են Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլը:
Խորհրդային Հայաստան
Իր առջեւ նպատակ դնելով վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները` խորհրդային նոր իշխանությունը անդրկովկասյան հանրապետությունների խորհրդայնացման հեռահար քաղաքականություն էր վարում: 11-րդ Կարմիր բանակը, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո (ապրիլ 1920թ.), գրավում է Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի հիմնական տարածքները, իսկ 1920-ի օգոստոսին Հայաստանի եւ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ ստորագրվում է հաշտության համաձայնագիր, որով Խորհրդային Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ճանաչել դրանք իբրեւ վիճելի տարածքներ` պայմանով, որ դրանց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր բնակչության կամքի` այսինքն հանրաքւեի արդյունքում: 1920-ի նոյեմբերի 29-ին Կարմիր Բանակի եւ հայ բոլշեւիկների ոչ մեծ ջոկատներ Խորհրդային Ադրբեջանի կողմից մտնում են Իջեւան (Քարվանսարա) եւ Հայաստանը հռչակում խորհրդային: Ադրբեջանի հեղկոմը, Նարիմանովի ղեկավարությամբ, նոյեմբերի 30-ին որոշում է ընդունում առ այն, որ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը` այլեւս վիճելի տարածքներ չեն եւ համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասեր: Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին համաձայնվում է Հայաստանի խորհրդայնացմանը եւ հրաժարվում իշխանությունից` հօգուտ բոլշեւիկյան Հեղկոմի: Հենց նույն օրը դեկտեմբերի 2-ին, իշխանությունից հրաժարված Հայաստանի կառավարության պատվիրակները, անհասկանալի կերպով, Ալեքսանդրապոլում հաշտություն են կնքում Թուրքիայի հետ, համարելով պատերազմն ավարտած, զիջելով հանրապետության համարյա տարածքի կեսը: Խորհրդային իշխանությունը հետագայում չի ճանաչում Ալեքսանդրապոլի հաշտության պայմանները: Եւ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքվում է Բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիր: Ըստ առաջին հոդվածի, Ռուսաստանի խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող եւ Ազգային մեծ ժողովի կողմից չընդունած բոլոր միջազգային պայմանագրերը: Այս դրույթն առաջին հերթին ուղղված էր Սեւրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ամեն գնով ցանկանում էր չեղյալ հայտարարել: Վերջապես նոր սահմանը ճանաչվում է Թուրքիայի ու Անդրկովկասյան հանրապետությունների միջեւ կնքված Կարսի պայմանագրով (1921թ. հոկտեմբերի 13), որը գործում է մինչ օրս: Իսկ 1922-23թթ. Լոզանի միջազգային կոնֆերանսը ավարտվում է մի շարք փաստաթղթերի ստորագրությամբ, որոնցից թերեւս ամենակարեւորը` «Լոզանի հաշտության պայմանագիրն» է, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները` փաստորեն փոխարինելով Սեւրի հաշտության պայմանագրին: Համաձայն նույն Մոսկվայի պայմանագրի` Նախիջեւանը դառնում է ինքնավար տարածք /հանրապետություն/` Ադրբեջանի խնամակալության ներքո, իսկ ՌԿ(բ)Կ Կովկասյան Բյուրոյի 1921թ.-ի հուլիսի 5-ի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ: Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ինքնիշխան պետություն չէր, սակայն չափազանց կարեւոր դեր է խաղացել հայոց պետականության պահպանման, ազգային ինքնագիտակցության զարգացման հարցում: Չնայած համատարած բռնաճնշումներին, մասնավորապես 1937-ին եւ 1948-49թթ., Հայաստանը խոշոր հաջողությունների է հասնում տնտեսության, արդյունաբերության եւ գիտամշակութային ոլորտներում: Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանը վերածվում է առաջադեմ ինդուստրիալ-ագրարային երկրի, համատարած գրագիտության, զարգացած գիտության ու կրթության, մշակույթի, գրականության ու արվեստի պետության: Հաջողությամբ զարգանում էր եւ բարձրագույն կրթական համալիրը` Երեւանի պետական համալսարանը, որը հիմնադրվել էր դեռեւս 1919-ին, եւ այլ մասնագիտական բուհ
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: