• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստան համահայկական հիմնադրամ

HAYASTAN ALL-ARMENIAN FUND

 

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության նախագահն է: Խորհրդի կազմում են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, ԼՂՀ նախագահը, ՀՀ և ԼՂՀ վարչապետները, ՀՀ Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի նախագահները, նախարարներ, երեք ավանդական կուսակցությունների, խոշոր բարեգործական կազմակերպությունների` ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 22 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 19 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Սիրիայում, Ուրուգվայում ,Ռումինիայում եւ Ռուսաստանի Դաշնությունում:
Վերջին յոթ տեղական մարմինները բացվել են 2009 -2011թթ. ընթացքում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքահայ ճանաչված բարերարների և գործիչների հետ: Հիմնադրամի` Երևանում գործող գործադիր վարչությունը և աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:

Հիմնադրամի դրամական միջոցները գոյանում են տարեկան հեռուստամարաթոնի,տարբեր երկրներում կազմակերպվող հեռախոսամարաթոնների, ռադիոմարաթոնների, հեծանվարշավների, ճաշկերույթների հանգանակություններից, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների հասույթներից, փոստային և SMS նվիրատվություններից, ինչպես նաև անհատների թողած կտակներից և նպատակային հատկացումներից:

1996 թ-ից սկսած ամեն տարի Լոս Անջելեսից հեռարձակվող ամենամյա հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հավաքագրված գումարները, հաշվետվություն ներկայացնում նվիրատուներին և հայությանը համախմբում հայրենիքի համար կենսական կարևորության ձեռնարկի շուրջ: Հեռուստամարաթոններում հավաքված նվիրատվություններն ուղղվում են հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը:

Համաևրոպական հեռախոսամարաթոնները, որոնք իրականացվում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ, ապահովում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Հունաստանի հայ ընտանիքների ու կազմակերպությունների նվիրատվություններն ընթացիկ տարվա խոշոր ծրագրում: Հեռախոսամարաթոններ են անցկացնում նաև Արգենտինայի և Ուրուգվայի տեղական մարմինները:

Հիմնադրամի անցած ուղին
բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորություն ունեն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ: Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի եւ գիտության հայ գործիչներն ու երիտասարդ ստեղծագործողները:

Հիմնադրամի առաջին խոշորածավալ ձեռնարկը «Ձմեռ» մարդասիրական ծրագիրն էր, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թթ. ուղղվեցին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Աղետի գոտում Հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը` 88-ի երկրաշարժից անօթեւան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում: Հիմնադրամի օժանդակությունից անմասն չմնացին նաեւ զոհված ու առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու կարիքավոր ուսանողները, որոնց Հիմնադրամը շարունակում է նպաստ տրամադրել:

1995-99 թթ. Հիմնադրամին վստահվեց Հայաստանում և Արցախում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների լուծումը: Մեկը մյուսին հաջորդեցին «Գորիս-Ստեփանակերտ», ապա Արցախում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների կառուցումը: Վերջինս ճանապարհային ցանց ապահովեց ԼՂՀ քաղաքների եւ գյուղերի միջեւ` մեծապես նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը: Ճանապարհաշինությանը զուգընթաց` Հիմնադրամը ստանձնեց նաեւ համայնքային զարգացման նպատակային ծրագրեր` կառուցելով ու վերակառուցելով դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, էլեկտրահաղորդագծեր, մշակութային հաստատություններ եւ այլն:

2005 թ. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվեց տարածքային զարգացման «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որի իրագործումը նոր էջ բացեց Հիմնադրամի գործունեության մեջ: Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց 2005 -2006թթ. հեռուստամարաթոններում հանգանակված գումարները համապատասխանաբար ուղղել արցախյան պատերազմի հետեւանքով առավել մեծ վնասներ կրած ԼՂՀ շրջանների` Մարտակերտի եւ Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: 2006 թվականից սկսվեցին Մարտակերտի շրջանի վերականգնման աշխատանքները, որոնք ներառում են միաժամանակ մի քանի ոլորտ` գյուղատնտեսություն, ջրամատակարարում, առողջապահություն, դպրոցաշինություն: Նույնօրինակ ծրագիր Հիմնադրամն իրագործում է ԼՂՀ Մարտունու շրջաnում:

Գործունեության տարիների ընթացքում Հիմնադրամը հասցրել է ճանաչվել ու սիրվել ողջ հայության կողմից, քանզի իր ծրագրերում միշտ եղել է արդիական ու սպասված: Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանը` Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի վերակառուցմանն ու ամրապնդմանը:

 

Աղբյուր` www.himnadram.org
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: