Լուրեր

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարարին

15.02.2019

Կից լուսանկարներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարարին

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը  Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:

Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը  կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր գնահատեցին ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցերի իրականացումը, ինչպես նաև տնտեսական հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ շեշտեցին հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող եգիպտահայ համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումերը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր