Իրադարձություններ

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

27.05.2016

Կից լուսանկարներ

հեռակոնֆերանս Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս  Զաքարյանը, վարչության պետեր, նախարարության աշխատակիցներ:

 Եգիպտոսից տեսակապով միացել էին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Արմեն Մելքոնյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպս. Գուսանը, Թեմական ժողովի ատենապետ Նուբար Սիմոնյանը, Քաղաքական ժողովի ատենապետ Գոքո Երզնկացյանը, Կահիրեի քաղաքական ժողովի ատենապետ Օնիկ Պլկտանյանը (ՀԲԸՄ), Լևոն Թելպյանը (Հուսաբեր մշակութային ընկերակցություն), Կահիրեի Հայկական ընթերցասրահ «Ջահակիր» շրջանակի նախագահ Մարտիկ Բալայանը (ՍԴՀԿ), Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 Ողջունելով հեռակոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եգիպտոսի տարածարջանային հանձնախմբերին առանձնահտուկ ակտիվության ու արդյունավետ աշխատանքի, եգիպտահայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում իրականացված և ընթացիկ տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների համար, ինչպես նաև՝ գրքերի, հետազոտությունների հրատարակման համար: Նախարարը կարևորեց համայնքի մասնակցությունը նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերին, նաև՝ «Արաքս» երգչախմբի ամենամյա մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:

 Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Եգիպտոսի հայ համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված և սպասվող աջակցությանը՝ նախարարն արժևորեց մեր հայրենակիցների ջերմ ու միասնական արձագանքը: Նա մասնավորապես նշեց. «Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Կազմակերպվեցին ցույցեր, միտինգներ, բողոքքի ակցիաներ, դրամահավաք: Բացվեց 24 հիմնադրամ: Արցախի ֆոնդին փոխանցվեց 10 մլն դոլար: Այսօր մեր հիմնախնդիրը Հայաստանի և Արցախի հզորացումն է: Միայն հզոր Հայաստանը կարող է լուծել Արցախի հարցը: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը: Ամենակարևորը Արցախի ճանաչման խնդիրն է»:

 Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը շեշտեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրերից Սփյուռքը սատարեց ոչ միայն խոսքով, այլև ֆիզիկական ներկայությամբ, նյութական օժանդակությամբ: Արցախի հաշվեհամարին փոխանցվեց 50 հազար ԱՄՆ դոլար: Հանգանակված գումարների մեջ կա նաև «Արցախ» երգչախմբի 5000 դոլարը: Մասնակցելով Կահիրեի քաղաքային փառատոնին՝ «Արցախ» երգչախումբը գրավեց առաջին տեղը և որպես մրցանակ ստացավ հինգ հազար դոլար, որն էլ փոխանցեց Արցախի օգնության ֆոնդին: «Արցախը» Արցախին: Հիմա էլ շարունակվում են նվիրատվությունները»:

 Քննարկվեցին նաև Հայրենիք-Սփյուռք գործակցությանը վերաբերող, Հռոմի պապի՝ ՀՀ այցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին եգիպտահայ երեխաների ներգրավման հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ համայնքում առկա խնդիրները:

 Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ նշեց, որ Եգիպտոսի հայ համայնքը Սփյուռքի լավագույն համայնքներից մեկն է: «Պետք է շարունակենք աշխատել միասին, նոր ծրագրեր իրականացնել: Ակնկալում ենք լավ գործեր: Շնորհակալություն »,-եզրափակեց նախարարը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր