Հայերը Եգիպտոսում

Հակիրճ պատմությունը: Եգիպտահայերը դարեր ի վեր բնակվում են այս երկրում, հիմնականում պահպանել են հայերենը, ունեն դպրոցներ, եկեղեցիներ և սոցիալական բնութագիր: Ներկայումս Եգիպտոսում բնակվում է մոտ 6000 հայ, որոնք կենտրոնացած են Եգիպտոսի երկու խոշոր քաղաքներում` Կահիրեում (4000) ու Ալեքսանդրիայում (2000):
Ներկա հայերի հիմնական միգրացիան դեպի Եգիպտոս սկսվել է 19-րդ դարասկզբին, չնայած այն փաստին, որ դեռևս 11-րդ դարի վերջերին Եգիպտոսում բնակվում էր 300.000 հայ և ունեին 37 գործող եկեղեցի (միջնադարյան հայտնի արաբ պատմիչ ալ-Մակրիզիի հիշատակությամբ): Ըստ պատմաբանների, հայերը Եգիպտոսում հայտնվել են դեռ հնագույն ժամանակներում` փարավոնյան 3-րդ դինասիտայի ժամանակներում և այդ շփումները շարունակվել են նաև Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում: Ընդունված է հայերի գաղթը դեպի Եգիպտոս բաժանել 2 շրջանի` մինչ Հայոց ցեղասպանություն և դրանից հետո:
Առաջին փուլի ժամանակաշրջանը սկիզբ է առնում վերոնշայլ հին դարերից: Մահմեդականացման սկզբնական փուլում հայեր կային Եգիպտոսում, որոնց թիվն ավելացավ Ֆաթիմյաններին խալիֆայության ժամանակ, հետագայում Մամլուքների օրոք աճեց. անգամ իսլամական աշխարհի միակ սուլթանուհի Շաջարաթ էլ-Դուրը, ըստ որոշ պատմաբանների, հայ է եղել:

Մուհամեդ Ալիի ժամանակաշրջանում (19-րդ դարի կեսեր) Եգիպտոսում կառուցվեց երկու եկեղեցի` Հայ առաքելական և Հայ կաթողիկե: Այդ ժամանակաշրջանում Եգիպտոսի վարչապետը հայ էր` Նուբար Փաշա Նուբարյանը: Մինչ 1917թ Եգիպտոսում ապրում էր մոտ 12000 հայ:
Եղեռնից հետո հայերի թիվը Եգիպտոսում կտրուկ աճեց՝ հասնելով մոտ 18000-ի: Նախքան Գամալ Աբդել Նասերի 1952թ հեղափոխությունը հայերը հիմնականում զբաղված են եղել մասնավոր սեկտորում: Հեղափոխությունից հետո 1950-60թթ բազմաթիվ եգիպտահայեր արտագաղթեցին Եգիպտոսից դեպի Արևմուտք` հիմնականում Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև Ավստրալիա:
Մերօրյա եգիպտահայերը մեծամասամբ Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են: Կենտրոնացած են Ալեքսանդրիայում և Կահիրեում` հիմնականում Հելիոպոլիս թաղամասում: Նրանց թիվը չի անցնում 6000-ից (մինչ 1952թ մոտ 60000 հայ էր բնակվում այստեղ): Գործում են հայկական դպրոցներ, ակումբներ, եկեղեցիներ, սպորտ ակումբեր և այլն: Սրան հակառակ, նոր սերնդի շատ հայեր, որոնք հիմնականում խառնամուսնությունների արդյունք են, չեն խոսում հայերեն (հատկապես Հայ կաթողիկե համայնքի հայերը), հայկական դպրոց չեն հաճախում և գաղթօջախի հետ ամուր կապը բացակայում է:
Համայնքի իրավաբանական կարգավիճակը: Համարվում է կրոնական համայնք, որտեղ գործում է համայնքային օրենսդիր մարմին` Եգիպտահայ Թեմական Ժողովի Համագումար (Կահիրեի և Ալեքսանդրիայի թեմական ժողովներ): Պետական վավերացում է ստացել 1946թ հունիսի 29-ին:
Ղեկավար Մարմիններ
Թեմական առաջնորդ ընտրված եգիպտահայ թեմական համագումարի ժողովի կողմից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատվելուց հետո` վավերացված և եգիպտահպատակություն տրված Եգիպտոսի Նախագահի կողմից: (Թեմական Առաջնորդ՝ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյան)
Թեմական (օրենսդիր) ժողովները բաղկացած են 24-ական պատգամավորներից: Քաղաքական (գործադիր) ժողովները՝ 7-ական անդամ` ընտրված Թեմական ժողովի անդամներից:
Հայ Կաթողիկե Թեմի առաջնորդը նշանակված է Անթիլիաս Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի կողմից՝ վավերացված և եգիպտահպատակություն տրված Եգիպտոսի Նախագահի կողմից (Թեմական առաջնորդ՝ Գրիգոր Եպիսկոպոս Օգոստինոս Գուսան):
Համայնքում գործող եկեղեցիները: Եգիպտահայ համայնքում գործում են Հայոց առաքելական եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովվապետության ներքո, ինչպես նաև Հայոց կաթողիկե եկեղեցին։ Կան որոշ հայեր, որոնք Հայ Ավետարանչական եկեղեցու անդամներ են։
Գործում են Հայ Առաքելական 5 եկեղեցիներ` երկուսը Ալեքսանդրիայում, երեքը Կահիրեում։

Հայ Առաքելական եկեղեցու դավանորդները մեծամասնություն են կազմում, որին են պատկանում հետևյալ եկեղեցիները`

  • Կահիրեի Առաջնորդարանն և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև 2 մատուռներ` Սուրբ Մինասը և Ամենայն Սրբոցը ազգային  գերեզմանատներում:
  • Ալեքսանդրիայի Առաջնորդարանն և Պողոս-Պետրոս եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Գևորգ մատուռը (ազգային գերեզմանատանը)

 

Հայ կաթողիկե եկեղեցուն են պատկանում 3 եկեղեցիներ` 

  • Կաթողիկե պատրիարքարանը և Սբ. Պետրոս եկեղեցին Կահիրեում,
  • Սբ. Թերեզայի կաթողիկե եկեղեցին Հելիոպոլիսում, Կահիրե,
  • Կաթողիկե պատրիարքարանն ու Սբ. Մարիամ եկեղեցին Ալեքսանդրիայում,

 

Հայ ավետարանչական եկեղեցուն է պատկանում Հայ Ավետարանչական եկեղեցին Ալեքսանդրիայում։
Մամուլ: Այսօր Եգիպտոսում լույս են տեսնում 2 օրաթերթեր, 1 շաբաթաթերթ և 1 ամսաթերթ (արաբերեն) և 1 պարբերական ամսագիր.

1. ՀՈՒՍԱԲԵՐ, հնգօրյա, հիմնված 1913թ, խմբագիր` Զավեն Լիյլոզյան, էլ.փոստ` husaper@brainy1.ie-eg.com

2. ԱՐԵՎ, եռօրյա, հիմնված 1915թ, խմբագիր` Ասպետ Արթինյան, էլ.փոստ`arev@intouch.com

3. ՋԱՀԱԿԻՐ, շաբաթաթերթ` հիմնված 1948թ, խմբագիր` Ավետիս Մովսեսյան, էլ.փոստ`tchahagir@journalist.com

4. ԱՐԵԳ, ամսաթերթ, արաբերեն լեզվով, խմբագիր` դոկտոր Մուհամեդ Ռաֆաթ ալ-Իմաամ

5. ՏԵՂԵԿԱՏՈՒ, եռամսյա, խմբագիր` Արաքսի Տէօվլեթյան: 

6. ԾԻԾԵՌՆԱԿ, երաժշտական եռամսյա պարբերական ամսագիր, խմբագիր՝ Հայկ Ավագյան, էլ. Փոստ  tchahagir@journalist.com

7.ԱՐՄԱՎԵՆԻ, համացանցային լրատվական կայք, խմբագիր՝ Մուրադ Հարությունյան:

Պետական ռադիոյով գործում է ամենօրյա մեկ ժամ տևողությամբ հայկական ռադիոժամ (ժ.11.00): Հաղորդավար և խմբագիր՝ Սոնյա Բայրամյան:

Դպրոց: Եգիպտոսում գործում են երեք հայկական վարժարաններ, որոնցից երկուսը Կահիրեում (Գալուստյան -Նուբարյան), ինչպես նաև Կաթողիկե Անարատ Հղության Հայ Քույրերի վարժարանը, որն ունի մոտ 1500 աշակերտ, սակայն դրանցից միայն մի քանի տասնյակն են հայեր, և մեկը` Ալեքսանդրիայում (Պողոսյան):
Դպրոցները ունեն շենքեր, ֆինանսավորվում են Առաջնորդարանների և բարերարների կողմից։
Եգիպտոսում առաջին հայկական դպրոցը` Եղիազարյան հոգևոր վարժարանը, հիմնվել է 1828թ, սակայն հետագայում`1854թ դպրոցը վերանվանվել է Խորենյան` ի պատիվ «հայոց պատմահոր»` Մովսես Խորենացու։ 1904թ «հայկական լեգենդ» Նուբար Փաշան այն տեղափոխեց Բուլաք թաղամաս, իսկ 1907թ հիմնեց Գալուստյան հայկական դպրոցը, որը մինչ այժմ էլ գործում է Կահիրեի կենտրոնում` Թահրիր հրապարակի և Եգիպտական թանգարանի մոտակայքում։
Երկրորդ դպրոցը հիմնվել է 1890թ Պողոս Յուսուֆյանի կողմից Ալեքսանդրիայում՝ Պողոսյան վարժարանը։ Ամենանոր և երրորդ հայկական դպրոցը Նուբարյանն է Կահիրեում, որը հիմնվել է 1925թ Պողոս Նուբար հիմնադրամի կողմից։ Հայկական դպրոցները օժանդակվում են Հայոց Եկեղեցու Եգիպտական թեմի կողմից։ Հայկական կրթությունը շատ կարևորվում է գաղթօջախում` հայոց լեզվի, մշակույթի տարածման համար։ Հայոց լեզուն գաղթօջախի հայերի շփման հիմնական լեզուն է։ Վերոնշյալ երեք հիմնական դպրոցները ավարտած շրջանավարտները կարող են միանգամից ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Հայագիտական կենտրոն: Եգիպտոսում ՀՀ դեսպանության ջանքերի շնորհիվ Կահիրեի համալսարանում (ԿՀ) 2007թ-ից գործում է Հայագիտական կենտրոն, որի գործունեության մի քանի տարիների ընթացքում կազմակերպվել է չորս միջազգային համաժողով, տպագրվել են մեծաքանակ հայագիտական աշխատությունները արաբերեն լեզվով:
Կենտրոնում անցկացվում են հայոց լեզվի և պատմության դասընթացները: Կենտրոնի գիտխորհրդում ներգրավված են երեք հայեր՝ պրոֆեսորներ Վարուժան Գազանչյանը, հնէաբան Հուրիկ Սուրուզյանը և ճարտարապետ Նաիրի Համբիկյանը։
Կենտրոնը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, Կահիրեի և Ալեքսանդրիայի Ազգային առջնորդարանների և Կահիրեի ՀԲԸՄ մասնաճյուղի կողմից:
Առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Կարապետ Աղա Աբիկյան Տուն-Այծեմնիկ ծերանոցը, բնակվում են 14 ծերեր, հիմնադրվել է 1956թ։
Ակումբներ: Հայկական համայնքը ունի մշակութային ակումբներ Կահիրեում (Հայ գեղարվեստասիրաց միության ակումբ, «Յուսաբեր»-ի շենք-ակումբ, «Յուսաբեր» ակումբ Հելիոպոլսում, Կոկանեան սրահ-Հելիոպոլիս, ՀԲԸՄ Նուպար ակումբ) և Ալեքսանդրիայում («Տիգրան Երկաթ» մշակ.միության ակումբ, ՀԲԸՄ Նուպար, «Յառաջադիմասեր» մշակ. միության ակումբ), որտեղ երիտասարդների համար գործում են պարի խմբակներ և երգչախմբեր։ Կան նաև սպորտ ակումբեր, որոնցից երեքը մայրաքաղաքում, իսկ երկուսը`Ալեքսանդրիայում, որտեղ գլխավոր մարզաձևը բասկետբոլն է։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր